Դատախազությունը գտնում է, որ Ռուզաննա Խաչատրյանի քրոջը և զարմուհիներին պատկանող անշարժ գույքերի իրական սեփականատերը Սեյրան Օհանյանն է․ iravaban.net
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 11-ին, նշանակված էր և կայացավ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատալսումները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նիստերի քարտուղարը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը գրություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է նիստը հետաձգել՝ պայմանավորված փաստաբանների կողմից կազմակերպված բողոքի ակցիայով։ Նիստին չէին ներկայացել նաև պատասխանողները։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը սակայն դեմ էր դատական նիստը հետաձգելուն։ Նրա կարծիքով՝ պետական, այդ թվում՝ դատական ռեսուրսը չվատնելու սկզբունքը պետք է պահպանվի, նիստը պետք է կայանա․ «Չեմ կարծում, որ պատասխանողներից մեկի ներկայացուցչի անհարմարությունը պետք է հիմք հանդիսանա նիստը հետաձգելու համար»։
Այլ կարծիքի էր գործով երրորդ անձ Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Բեգլարյանը․ գործադուլի իրավունքը պետք է հարգվի։ Դատարանում փաստաբանը հայտարարեց, որ ինքն էլ էր միացել գործադուլին, սակայն իր վստահորդի համար ստեղծված «ծայրահեղ ծանր» իրավիճակը հաշվի առնելով ընդհատել է այն և ներկայացել դատարան․ «Առաջարկում եմ՝ մնացած մասով հետաձգել, բայց լսել 3-րդ անձի դիրքորոշումը՝ հայցի առարկա համարվող գույքերի առնչությամբ»։
Դատարանը, Կարապետ Բադալյանի նախագահությամբ, որոշեց մերժել Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությունը և շարունակել գործի քննությունը։ Դատավորը նշեց, որ ծանոթացել է Փաստաբանների պալատի տարածած հայտարարությանը և գտնում է, որ այդ հիմքով նիստին չներկայանալը հարգելի չէ։
Այնուհետև Անահիտ Բեգլարյանը ներկայացրեց իր վստահորդի դիրքորոշումը, որը վերաբերում էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերին։
Նախապատմությունը հետևյալն է․ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քույրը՝ Սոնա Խաչատրյանը, նշված փողոցում գտնվող շենքի մի քանի բնակարաններ 2021 թվականին վաճառել է Կարինե Մարգարյանին։ Նույն շենքում ևս 2 բնակարաններ եղել են Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկա՝ Աննա Բադալյանի տիրապետության տակ։ Այդ 2 անշարժ գույքերի վերաբերյալ առանց նոտարական վավերացման և առանց կադաստրի առք ու վաճառքի պայմանագրեր են կնքել՝ դրանք փոխանցելով Մարգարյանին։
Սակայն այդ ընթացքում Գլխավոր դատախազության կողմից գույքերի վրա արգելանք էր դրվել և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր։ Դատախազը սակայն ենթադրում է, որ առք ու վաճառքի մտադրությունն իրականացնելու համար Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանն արհեստական ձևով դատական վեճ են հարուցել, որպեսզի կարողանան դատական ակտ ունենալ, որի միջոցով էլ Կարինե Մարգարյանը կկարողանար այդ անշարժ գույքերն իր անունով գրանցել։
Գևորգ Քոչարյանը միևնույն ժամանակ նշեց, որ դեռ պետք է պարզել՝ արդյոք Կարինե Մարգարյանը բարեխիղճ գնորդ է․ «Մենք պետք է համոզված լինենք նրա բարեխղճության մեջ։ Ըստ ներկայացված տվյալների՝ նա անշարժ գույքերը գնել է շուկայականին մոտ գնով»։
Հայցվորի ներկայացուցիչը նշեց նաև, որ վերջին 2 անշարժ գույքերի ընդհանուր արժեքը շուրջ 1,5 միլիոն դոլար է կազմում։ Գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ ինչպես Աննա Բադալյանի, այնպես էլ Ռուզաննա Խաչատրյանի անունով գրանցված անշարժ գույքերի իրական սեփականատերը Սեյրան Օհանյանն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում