ՀՀ-ում հնդիկ ուսանողների թիվը բավական մեծ է, կան հնարավորություններ զարգացնելու միջբուհական կապերը. Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության հեռանկարները հատկապես կրթության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու առումով:
Նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում ընդգծելով, որ մեր երկրում հնդիկ ուսանողների թիվը բավական մեծ է, և կան հնարավորություններ զարգացնելու միջբուհական կապերը:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցությանը տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկական մասնագիտությունների ուղղություններով:
Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) և սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ներկայացրել մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի և Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեության մանրամասները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի ուշադրությունն է հրավիրել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա:
«Ակնկալում ենք, որ կբարձրացնեք ձեր ձայնը՝ ի աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: