Մեկնարկել են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները
Հուլիսի առաջին օրերից մեկնարկել եւ ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն 262 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով եւ շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերեսով նոր ասֆալտբետոնյա շերտի տեղադրում, որոշ հատվածներում՝ փոսային նորոգման եւ հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքների իրականացում։ Նախատեսվում է նաեւ բետոնյա կարճասյուների տեղադրում եւ գծանշում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թվականի սեպտեմբերին։