Հղիության հիպերէմեզիս․ երևույթի բացասական ազդեցության մասին
Սրտխառնոցը և փսխումը հղիության հատկապես առաջին եռամսյակում հանդիպող տարածված խնդիր է:
Որոշ հղիների մոտ սրտխառնոցը և փսխումը կարող է ստանալ ծանր ընթացք` առաջացնելով հղիության հիպերէմեզիս, որը հաճախ պահանջում է հիվանդանոցային բուժում, եթե վաղ միջամտություններն արդյունավետ չեն լինում:
Հղիության հիպերէմեզիսը հանդիպում է ոչ հաճախ, սակայն ունի սուր և ծանր ընթացք: Այն շատ ավելի ծանր վիճակ է, քան հղիության վաղ շրջանում բազմաթիվ կանանց անհանգստացնող առավոտյան սրտխառնոցը, գորմ է Aysor.am-ը։
Հղիության հիպերէմեզիսի վերջնական պատճառն անհայտ է: Սակայն հայտնի են այս վիճակի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, որոնցից են՝
ընկերքային մեծ զանգված (բազմապտուղ հղիություն և այլն),
նախքան հղիությունը, էստրոգեններ պարունակող դեղամիջոցներ ընդունելուց հետո սրտխառնոց կամ փսխում,
ծովային հիվանդություն,
միգրեն,
համային ռեցեպտորների մեծ քանակ,
գենետիկական նախատրամադրվածություն,
նախորդ հղիությունների ժամանակ հիպերէմեզիսի առկայություն,
հղիությանը նախորդող վեց ամսվա ընթացքում կամ բեղմնավորման շրջանում վիտամինների խիստ պակաս,
ստամոքսի խանգարում (դիսպեպսիա), օրինակ՝ այրոցք կամ թթվային ռեֆլյուքս:
Գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են հղիության 5-րդ և 10-րդ շաբաթների միջև և վերանում մինչև 20-րդ շաբաթը:
Դրանք ներառում են՝
երկարաձգված և ծանր սրտխառնոց և փսխում,
ջրազրկում,
կետոզ՝ ծանր վիճակ, որը զարգանում է արյան և մեզի մեջ կետոնների մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով (կետոնները թունավոր թթվային միացություններ են, որոնք առաջանում են, երբ օրգանիզմում էներգիա ստեղծվելու համար քայքայվում է ոչ թե գլյուկոզը, այլ ճարպը),
քաշի կորուստ (ջրազրկման և հյուծման պատճառով),
արյան ցածր ճնշում, հատկապես՝ ոտքի կանգնելիս (օրթոստատիկ հիպոտենզիա),
գլխացավ, շփոթվածություն, ուշագնացություն և դեղնուկ:
Հղիության հիպերէմեզիսն ախտանիշների արագ հարաճուն զարգացմամբ ընթացող խիստ ծանր վիճակ է, որը, սակայն, մեծամասամբ չի վնասում երեխային: Այն կարող է բերել քաշի կտրուկ կորստի, որը բարձրացնում է թերքաշ երեխա ծնվելու հավանականությունը: Պետք է նաև նկատի ունենալ, որ ծանր փսխումները կարող են հղի կնոջ մոտ հանգեցնել որոշակի հոգեբանական խնդիրների:
Բժիշկները հղիության հիպերէմեզիս ախտորոշում են, եթե ձգձգվող փսխումները բերում են հղի կնոջ՝ մինչ հղիությունը ունեցած մարմնի քաշի ավելի քան 5% կորստի, ջրազրկման և էլեկտրոլիտային հավասարակշռության խախտման:
Հղիության հիպերէմեզիսի թեթև դեպքերը կարելի է կառավարել սննդակարգի փոփոխությամբ, հանգիստ կամ անկողնային ռեժիմով: Անհրաժեշտ է խրախուսել կանանց ուտել այն, ինչը դուր է գալիս, միաժամանակ օգտագործել առողջ և անվտանգ սնունդ:
Սննդակարգին առնչվող մի քանի խորհուրդ՝
պետք է ուտել հաճախակի, փոքր չափաբաժիններով յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի
պինդ և հեղուկ սնունդը պետք է ընդունել առանձին. հեղուկները խմել պինդ սննդի ընդունումից առնվազն 30 րոպե առաջ կամ հետո՝ ստամոքսի շրջանի ծանրությունը նվազեցնելու նպատակով,
հեղուկներն ավելի լավ է ընդունել սառը վիճակում, գազավորված կամ մի փոքր թթվաշ` փոքր չափաբաժիններով (երբեմն օգնում է ձողիկով խմելը),
պետք է բացառել կծու, սուր հոտ ունեցող, յողոտ, թթու և շատ քաղցր մթերքներն ու հեղուկները,
ուտել թեթև ուտեստներ (ընկուզեղեն, ոլորաբլիթներ, շիլա),
խուսափել շատ տաք կամ շատ սառը սնունդ ընդունելուց,
նախապատվություն տալ ցածր յուղայնությամբ, սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներին,
սնունդ ընդունել մինչև անկողնուց վեր կենալը և այն ժամանակ, երբ սրտխառնոցը փոքր-ինչ մեղմացած է,
ուտել նախքան քաղց զգալը, որովհետև դատարկ ստամոքսը կարող է ուժգնացնել սրտխառնոցը,
երեկոյան ժամերի թեթև սնունդը ևս կարող է օգտավետ լինել:
Օգտակար կարող են լինել նաև գրգռիչ միջավայրային գործոնների ազդեցության բացառումը, օրինակ՝ տոթ, շոգ կամ խոնավ միջավայր, սուր հոտեր (օծանելիք, քիմիկատներ, սննդի սուր հոտ կամ ծուխ), աղմուկ և տեսողական կամ ֆիզիկական շարժումներ (առկայծող լույսեր, մեքենայի վարում կամ դիրքի հաճախակի փոփոխում):
Ծանր դեպքերը պահանջում են մասնագիտական բուժում, հաճախ՝ հիվանդանոցում: Ծանր ջրազրկումը և մյուս ախտանիշները բուժում են ներերակային կաթիլային հեղուկներով և փսխումներն ընկճող դեղերով:
Հղի կնոջ մոտ կրկնվող երկարաձիգ փսխումների պատճառով զարգացող ջրազրկումը կարող է բարձրացնել խորանիստ երակների թրոմբոզի հավանականությունը: Այդ իսկ պատճառով, առաջին նշաններն ի հայտ գալուն պես, պետք է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմությամբ։