Վարդավառի օրը ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն կիրականացնի
Վարդավառի օրը Գեղարքունիքում ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնելու։
Այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզպետարանը․
«Հուլիսի 16-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն` ապահովելով քաղաքացիների անվտանգ հանգիստը։
Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները կպահպանեն հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։
Գեղարքունիքի ՄՓՎ և ստորաբաժանումների կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն` Սևանա լճի ափամերձ տարածքներում և մարզի ավտոճանապարհահատվածներում:
ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը ողջ անձնակազմով ծառայություն է իրականացնելու 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային լողափերում, իսկ ՓԾ ՓՈւՎ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմը`Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը ևս կիրականացնի ուժեղացված ծառայություն` 35 կարգախմբով, որից 15-ը Սևանում և Ճամբարակում, 7-ը` Գավառում, 8-ը` Մարտունիում և 5-ը` Վարդենիսում:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից կընդգրկվեն ավելի քան 200 ոստիկանական ուժ` 32 երթուղիով, որոնք Սևանա լճում և ափամերձ տարածքներում կիրականացնեն հասարակական կարգի պահպանում:
Հարգելի քաղաքացիներ, հորդորում եմ երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, ղեկին լինել սթափ և չվնասել ոչ Ձեր և ոչ էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
Չխաթարենք օրվա տոնական տրամադրությունը, համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները»: