«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները բժշկական կենտրոնից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ն.Ս-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի կողմից տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն և ժամը 17:15-ի սահմաններում վերադարձվել հիմնարկ:
Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ ԲԿ-ից վերադարձված կալանավորված անձին խուզարկության են ենթարկել՝ ըստ սահմանված կարգի, ինչի արդյունքում վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով ամրացված փաթեթ: Փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և USB լար:
Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ արգելված իրերը վերցրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի սանհանգույցից:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկնության Գեղարքունիքի մարզային վարչություն: