Գերմանիան հաստատել է Ուկրաինային 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթը
Գերմանիան Ուկրաինային կուղարկի մինչև 700 միլիոն եվրո գումարի ռազմական օգնության նոր փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին։
Ըստ Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ փաթեթը ներառում է Patriot զենիթահրթիռային համալիրի 2 նոր կայան, 40 լրացուցիչ Marder հետևակի մարտական մեքենա, 25 լրացուցիչ Leopard 1 տանկ, 5 Bergepanzer 3 տանկ, ինչպես նաև հրետանային զինամթերքի 20 000 արկ։
Ըստ Բորիս Պիստորիուսի՝ այս փաթեթը «ծառայում է Ուկրաինայի առաջնահերթություններին․․․ և դրանով Գերմանիան կարևոր ներդրում է անում Ուկրաինայի կայունության ամրապնդման գործում»։
Գերմանիայի կողմից ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 միլիարդ եվրոյի: Նախորդ անգամ Բեռլինը ռազմական աջակցության նոր փաթեթի մասին հայտարարել էր մայիսին՝ 2,9 մլրդ եվրոյի չափով: