ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» ՄՌԸ-ի տեղակայման նշաններ չի տեսնում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի գագաթնաժողովին։
«ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» խմբի տեղակայման նշաններ առայժմ չի տեսնում: Դաշինքն ուշադրությամբ հետևում է իրավիճակին՝ հասկանալով, թե որքան կարևոր է դա բալթյան երկրների անվտանգության ապահովման համար», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Բելառուսում «Վագներ»-ի մարտիկների հնարավոր ներկայությունը որոշ հարևաններ դիտարկում են որպես սպառնալիք։ Ըստ BBC-ի՝ Լեհաստանն, օրինակ, դեպի երկրի արևելք է տեղափոխել 1000 զինվորականի։
Հուլիսի 7-ին Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական գեներալ-մայոր Լեոնիդ Կասինսկին հայտնել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները դեռ չեն ժամանել՝ զննելու ընկերության մարտիկների տեղակայման հնարավոր վայրը Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի շրջանում գտնվող վրանային ճամբարում։ Նրա խոսքով՝ ճամբարն ի վիճակի է տեղավորելու մոտ 5 հազար մարդու, այնտեղ հնարավոր է նաև ռազմական տեխնիկայի տեղակայում: