Գրիգոր Մինասյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Օլիվիե Լըֆեբվրը՝ Հարավային Կովկասում Ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդը:
Դեսպան Լույոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և վերջինս հուլիսի 21-ից կփոխարինի Օլիվիե Դեկոտինին:
Հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր հարաբերությունները և իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ Արդարադատության նախարարության ծավալուն օրակարգին շարունակաբար աջակցելու համար:
Նախարար Մինասյանը նաև նշել է, որ մեծագույն պատիվ էր աշխատել Անն Լույոյի հետ՝ արպես բարձրակարգ դիվանագետի և հույս է հայտնել, որ հետագայում առիթ կլինի աշխատելու պաշտոնավարման այլ ուղղություններով:
Դեսպան Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է: Դեսպանը նաև բարձր է գնահատել Նախարարության բարեփոխումներն՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և շնորհավորել էական առաջընթացի համար:
Նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում՝ ինստիտուցիոնալ, գործառութային և օրենսդրական կարգավորումների լավարկման ուղղություններով:
Կողմերը հանգամանորեն քննարկել են հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը՝ նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման, դատական համակարգի թվայնացման, փողերի լվացման իրավական կարգավորումների, ապօրինի գույքի բռնագանձման կառուցակարգերի կիրարկման հետ կապված հարցերն ու նախանշել են համագործակցության հետագա շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև արդարադատության մատչելիությանը, ատելության խոսքի քրեականացմանը, խտրականության բացառմանն ուղղված իրավակարգավորումների նախանշմանը, ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, դատավորների և դատախազների վերապատրաստմանը և այլն:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը հայ-ֆրանսիական բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ: