Ֆրանսիայում անկարգություններից ապահովագրական ընկերությունների վնասը հասնում է 650 միլիոն եվրոյի
Ապահովագրական ընկերություններն ստացել են 650 միլիոն եվրո ընդհանուր գումարի վնասի փոխհատուցման դիմումներ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ֆրանսիայի France Assureurs ապահովագրական ֆեդերացիայի՝ հուլիսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում ներկայացված դիմումները՝ մինչ օրս ներկայացված պահանջների ընդհանուր արժեքը կազմում է 650 միլիոն եվրո», - մեջբերում է ТАСС-ը տեքստից։
Նշվում է, որ ապահովագրական դեպքերի 55%-ը բաժին է ընկնում ձեռնարկատերերի գույքին, իսկ 35%-ը՝ տեղական իշխանությունների գույքին։ Ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ խոսքը 3900 տուժած օբյեկտների մասին է։
Ավելի վաղ Ֆրանսիայի ձեռնարկատերերի շարժումը (MEDEF) ավերումներից կորուստները գնահատել էր ավելի քան 1 միլիարդ եվրո: Էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրյունո Լը Մերի խոսքով` անկարգությունների մասնակիցները հունիսի 27-ից ի վեր հրկիզել և կողոպտել են 1000-ից ավելի խանութ և 200 առևտրի կենտրոն ամբողջ երկրում:
Ֆրանսիայում բողոքի ալիք էր բարձրացրել հունիսի 27-ին ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։