Հնդկաստանի հյուսիսում 15 մարդու կյանք խլած հեղեղների պատճառով Նյու Դելիում փակվել են դպրոցները
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մուսոնային անձրևների պատճառով փակվել են դպրոցները։ Անձրևներից երկրի հյուսիսում սողանքներ ու հեղեղումներ են առաջացել, ինչի հետևանքով վերջին երեք օրվա ընթացքում մահացել է առնվազն 15 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Նյու Դելիի որոշ հատվածներ հեղեղվել են, ճանապարհներն անցել են ջրի տակ և արգելափակել բնակիչներին:
Անձրևների հետևանքով առաջացած սողանքները խաթարել են Ուտարակհանդ նահանգի հիմնական մայրուղիների երթևեկությունը, բնակիչներին հորդորել են առանց խիստ անհրաժեշտություն դուրս չգալ տնից: Հարևան Հիմաչալ Պրադեշ նահանգում ջուրը քշել-տարել է կամուրջներն ու տները, իշխանությունները մարդկանց փրկելու համար ուղղաթիռներ են օգտագործել:
Հնդկաստանի օդերևութաբանական գործակալությունը առաջիկա օրերին երկրի հյուսիսում կանխատեսել է ավելի շատ հորդառատ անձրևներ: Նշվում է, որ ամբողջ երկրում մուսոնային անձրևներն արդեն բերել են նորմայից մոտ 2%-ով ավելի շատ տեղումներ:
Հարևան Պակիստանում, որտեղ նույնպես մուսոնային անձրևներ են լինում, մեծ աչալրջությամբ սպասում են հնարավոր ջրհեղեղների՝ հատկապես այն բանից հետո, երբ Հնդկաստանը ամբարտակների ջրերը բաց է թողել Ռավի գետ, որը հոսում է Պակիստան։ Ըստ Պակիստանի աղետների կառավարման գործակալության՝ Փենջաբի նահանգի ցածրադիր վայրերից մարդկանց տարհանումներ են իրականացվում։