Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարել է համայնքի զինանշանի և դրոշի մրցույթ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարել է համայնքի զինանշանի և դրոշի մրցույթ:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի համայնքի զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթներին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործող անձինք:
«Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` և բացատրագիր` մեկ էջի սահմաններում: Դրոշի էսքիզները պետք է ներկայացվեն գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա՝ համապատասխան բացատրագրով։ Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 100 000 դրամի չափով։ Զինանշանը պետք է համապատասխանի հերալդիկայի կանոններին, միաժամանակ զինանշանը և դրոշը պետք է արտացոլեն Մարտունու տարածաշրջանի պատմա-աշխարհագրական նկարագիրը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։