Հնդկաստանը և Ֆրանսիան մտադիր են զենքի համատեղ արտադրություն սկսել. Hindustan Times
Հնդկաստանը և Ֆրանսիան ծրագրում են ստորագրել տարբեր զինատեսակների համատեղ արտադրության ճանապարհային քարտեզ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի` Փարիզ կատարելիք այցի ժամանակ։ Բացի այդ, Հնդկաստանը տախտակամածային կործանիչների և դիզելային-էլեկտրական սուզանավերի ձեռքբերման պայմանագրեր կստորագրի: Այդ մասին տեղեկանում ենք 168.am-ից։
Մոդին որպես պատվավոր հյուր ներկա կլինի հուլիսի 14-ին կայանալիք զորահանդեսին Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ։ Ըստ պարբերականի՝ սպառազինության արտադրության վերաբերյալ Ֆրանսիայի հետ ճանապարհային քարտեզը Հնդկաստանին թույլ կտա սեփական ձեռնարկություններում ընդլայնել ֆրանսիական տեխնոլոգիաների օգտագործմամբ զենքի արտադրությունը «Արտադրիր Հնդկաստանում» ազգային ծրագրի շրջանակներում։
Մոդիի` Փարիզ այցի ընթացքում նախատեսվում է նաև Հնդկաստանի ռազմածովային ուժերին ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության 26 Rafale M տախտակամածային կործանիչների մատակարարման պայմանագրերի ստորագրում հնդկական արտադրության Vicrant ավիակրի համար և Scorpene դասի 3 դիզելային-էլեկտրական սուզանավերի կառուցում Մումբայի Mazagon Dockyards Limited (MDL) ընկերության ձեռնարկություններում: Պայմանագիրը կերկարաձգի Ֆրանսիայի համագործակցությունը MDL-ի հետ, որն այժմ ավարտել է Kalveri դասի վեց հարվածային սուզանավերի կառուցումը ֆրանսիական տեխնիկական աջակցությամբ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գնումների խորհուրդը Ֆրանսիայի հետ այս համաձայնագրերի ստորագրմանը հավանություն կտա հուլիսի 13-ին՝ Մոդիի Փարիզ կատարելիք այցի նախօրյակին: