ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են Գյումրիում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող նախագծերը
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հուլիսի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանի և Եվրոպական բանկի գլխամասի խորհրդի անդամ Էվա Բեռնարդի հետ ունեցած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, կողմերը խոսել են ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում մինչ այս իրականացված և նախատեսվող աշխատանքների, ընթացքի մեջ գտնվող նախագծերի, դրանց հեռանկարների, «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ու ծրագրային բաղադրիչների՝ էլեկտրական ավտոբուսներ, կանաչ տարածքների ավելացում, թափոնների կառավարում, մի շարք ոլորտներում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավվածություն, կրթական ծրագրերի իրագործում, մասին։
Ինչպես տեղեկացրին համայնքապետարանից, կողմերն անդրադարձել են նաև «Անի» թաղամասի փողոցները ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում հիմնանորոգելու հարցին, խոսել իրականացված նախագծային աշխատանքներից։ Բանկի պատասխանատուներն ընդգծել են, որ վերը նշված հարցը քննարկման փուլում է: