Կրեմլում անդրադարձել են Թուրքիայի հետ հարաբերություններին
Ռուսական իշխանությունները կշարունակեն երկխոսությունը Թուրքիայի հետ՝ չնայած Անկարայի կողմից Ազովի հրամանատարների Ուկրաինա վերադարձի հետ կապված պայմանավորվածությունների խախտմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է «Ազովի» ղեկավարների վերադարձին, ապա, այո՛, սա գործող պայմանավորվածությունների խախտում է։ Եվ մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն արդեն իսկ սկսել ենք անել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РБК-ն։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ի տարբերություն հավաքական Արեւմուտքի, պահպանում է երկխոսությունը ռուսական կողմի հետ։ «Մենք կօգտագործենք երկխոսության այս ուղիները՝ մեր դիրքորոշումը հստակեցնելու և այս իրավիճակը հաշվի առնելու համար՝ տարբեր ոլորտներում հետագա պայմանավորվածությունների դեպքում», - հավելել է ՌԴ նախագահի խոսնակը։
Նրա խոսքով, վերջին իրադարձությունները չեն ազդում գազային հանգույցի ստեղծման վրա։ Պեսկովը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների բազմակողմանիությունը, թեև կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Դրանց թվում նա նշել է, օրինակ, Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ Անկարայի և Կիևի միջև հարաբերությունների զարգացմանը, բայց ցանկանում է հուսալ, որ դրանք ուղղված չեն լինի Մոսկվայի դեմ։