Հայտնի է դարձել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով գրանցված մահերի թիվը
NEWS.am-ին հաջողվել է պարզել և առաջին անգամ հրապարակել վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացությունների պաշտոնական ցուցանիշը։ Շուրջ երեք ամիս ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչությունների հետ հարցուպատասխանի արդյունքում ստացված վիճակագրական տվյալները բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք են տալիս։ Այսպես․ ՀՀ վիճակագրական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․
«2018-2023թթ. հունվար-ապրիլ ամիսներին, համաձայն Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված մահվան վերաբերյալ գրանցումների, ՀՀ մահացության պատճառական կառուցվածքում՝ թմրամիջոցներից, հոգեդիսլեպտիկներից և այլ դասերում չդասակարգված հոգեմետ դեղերից թունավորումների հետևանքով արձանագրված մահվան դեպքերը 4-ն են»։
Իսկ Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտից, որն իրականացնում է ՀՀ բնակչության մահացության և հիվանդացության ցուցանիշների հաշվառում, NEWS.am-ին տեղեկացրել են, որ 2021թ․ Հայաստանում հոգեկան և վարքի խանգարումներից՝ կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ, մահվան դեպք չի գրանցվել։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022թ․ 2023թ․ տվյալները ներկայում հասանելի չեն»,-հարցմանն ի պատասխան նշել է ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Թեև Վիճակագրական կոմիտեն տվյալներ հավաքագրելիս օգտվել էր Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից, NEWS.am-ի առանձին հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից հայտնել էին, որ իրենք թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի գերդոզավորումից արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրություն չեն վարում:
«ԱՆ ՔԿԱԳ e-civil էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը չունի հնարավորություն դասակարգելու առկա մահվան ակտային գրանցումները ըստ մահվան պատճառների, ուստի Ձեր հարցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում։
Պետական գերատեսչությունների իրարամերժ պատասխանները և պաշտոնապես գրանցված անհավանական տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետ կապված մահվան դեպքերի վիճակագրությունը պատշաճ չի իրականացվում։
Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում տարեկան կտրվածքով հրապարակվում են ՀՀ մահացություններն ըստ մահվան հիմնական պատճառների, որոնց թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի (սրտանոթային համակարգի) հիվանդությունները։ 2022թ․ Հայաստանում գրանցվել է մահվան 10 700 դեպք, որից 5 944-ը կամ 55.6 %-ի մահվան պատճառ է նշվել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, իսկ 2021թ․ սրտանոթային հիվանդություններից գրանցվել է 5 822 մահվան դեպք։ Քիչ չեն նաև շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը։ 2022թ․ արձանագրվել է այս հիվանդությունից մահվան 1026 նախորդ տարվա 877 դեպքի համեմատ։ Նշենք, որ այդ ցուցանիշների աղբյուրը մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումներն են։ NEWS.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ թմրանյութերի գործածման հետևանքով գրանցված մահվան դեպքերը «թաքնված են» սրտանոթային համակարգի և շնչառական օրգանների հիվանդություններին վերաբերող ցուցանիշներում։ Բանն այն է, որ թմրամիջոցների գործածման արդյունքում, երբ գրանցվում է սրտի կամ շնչառության կանգ, բժիշկը կամ դատաբժիշկը, որպես մահվան հիմնական պատճառ միայն նշում է սրտանոթային կամ շնչառական օրգան համակարգերի հիվանդությունների առկայությունը, սակայն թե ի՞նչն է նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը, չի նշվում։ Օրինակ՝ մարդը մահանում է սրտի կաթվածից, մինչդեռ հնարավոր է նրա մոտ մետանֆետամինային կամ կոկաինային գերդոզավորում լինի, որն էլ հանգեցրել է կաթվածի։
Քիչ չեն նաև Հայաստանում թմրանյութերի ազդեցության տակ ինքնասպանությունների և սպանությունների դեպքերը, որոնց վերաբերյալ վիճակագրություն նույնպես չի վարվում։
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած՝ Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ վերջին զեկույցի (2022թ.) համաձայն՝ Հայաստանում դեռեւս չի մշակվել թմրամիջոցների գործածման հետ կապված մահացության հստակ մեթոդաբանություն, մինչդեռ այն երկրները, որտեղ թմրանյութերի իրացման և գործածության տեմպերն աճում են, իրականացվում է առանձին հաշվառում։ Հաշվի առնելով Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ահագնացող տեմպերը՝ այդ թվում անօրինական շրջանառության և իրացման ծավալներն, ինչպես նաև թմրանյութերի տարածման ժամանակակից մեթոդներն ու եղանակները (Տելեգրամ ալիքներ և այլն), պատասխանատու գերատեսչությունները վաղուց պետք է մշակած լինեին թմրամիջոցների գործածման հետ կապված մահացության հստակ մեթոդաբանություն, ինչն էլ հիմք կտար պատշաճ վիճակագրություն վարել և այդ ցուցանիշների հիման վրա մշակել թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման կոնկրետ ռազմավարություն։
Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակված ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում թմրանյութերի գործածումից տարեկան մահանում է միջինում 500-600 մարդ։ Միջազգային տարբեր զեկույցների համաձայն՝ ամեն տարի ամբողջ աշխարհում 200 մլն-ից ավելի մարդ թմրամիջոց է օգտագործում․ նրանցից 200 հազարը չարաշահման հետևանքով մահանում են:
ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հրապարակած 2022 թ․ Թմրամիջոցների համաշխարհային զեկույցի համաձայն՝ աշխարհում 15-ից 64 տարեկան շուրջ 284 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործում, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ են։ Ըստ նույն աղբյուրի՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում թմրանյութերի կախվածության հետ կապված խանգարումներից բուժում ստացողների մեծ մասը մինչև 35 տարեկան են: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում 11,2 միլիոն մարդ օգտագործում է ներարկային թմրանյութեր:
ԱՄՆ-ում 2022թ․ թմրանյութերի չարաշահման հետաևանքով մահացությունների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ թմրանյութերի գերդոզավորման հետևանքով նախորդ տարի Միացյալ նահանգներում մահացել է 109680 մարդ, իսկ 2021-ին՝ 107622 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին COVID-19-ից ԱՄՆ-ում մահացել է 245,000 մարդ։
Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության (Росстат) հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ռուսաստանում թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացել է 10000 մարդ՝ 37% -ով ավելի 2020թ․ ցուցանիշից։