Բոսնիական «Զրինսկի» ակումբի գլխավոր մարզիչը «Ուրարտու»-ի դեմ բարդ խաղ է սպասում
Բոսնիական «Զրինսկի» ակումբի գլխավոր մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը Երևանի «Ուրարտու»-ի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում բարդ հանդիպում է սպասում:
«Վիճակահանությունն, ամեն դեպքում, բարդ մրցակից էր տալու մեզ, քանի որ բոլոր թիմերն իրենց երկրների չեմպիոններն են: «Ուրարտու»-ն իսկապես բարդ մրցակից է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռենդուլիչը:
Գլխավոր մասնագետի կարծիքով՝ Հայաստանի ներքին առաջնությունում հանդես են գալիս բարձրակարգ թիմեր, և «Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ մինչ այս խաղացել են եվրոպական լիգաներում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ուրարտու»-ն կընդունի «Զրինսկի»-ին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու»-ի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: