Անկարան «Ազովի» հրամանատարներին Կիևին է վերադարձրել՝ առանց որևէ պայմանի․ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան
Թուրքիան ուկրաինական «Ազով» ռազմական խմբավորման հրամանատարներին Կիևին է վերադարձրել՝ առանց որևէ պայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այդ մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
Դեսպանի խոսքով՝ նման որոշում կայացնելիս Թուրքիան առաջնորդվում էր սեփական շահերով, իսկ Թուրքիայի իշխանությունները «ցանկանում էին ցույց տալ, որ երկիրն ամրապնդում է հաղորդակցության մակարդակը Ռուսաստանի հետ և, ընդհանրապես, իր միջազգային դիրքերը»։
Այն բանից հետո, երբ «Ազովի» մարտիկները երկար պայքարից հետո որոշեցին լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը, գնդի մի քանի հրամանատարներ, բոլոր կողմերի համաձայնությամբ, տեղափոխվեցին Թուրքիա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այնուհետև ասաց, որ նրանք այնտեղ կմնան մինչև պատերազմի ավարտը։ Սակայն այժմ զինվորականները ոչ միայն վերադարձել են Ուկրաինա, այլև պատրաստ են շարունակել մասնակցել ռազմական գործողություններին։ «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն վերադառնալուց հետո ասել է, որ դա է իրենց «գլխավոր նպատակը»։
«Ազովի» հրամանատարներն Ուկրաինա էին վերադարձել Զելենսկիի հետ, երբ վերջինս այցելել էր Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման։
Ռուսաստանում կտրուկ են գնահատել զինվորականների վերադարձը Թուրքիայից։ Մասնավորապես՝ Դաշնային խորհրդի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ «Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ երկրի»։