Արդիականացվել է «Հայհիդրոմետ»-ի տվյալների միասնական կառավարման եւ եղանակի կանխատեսման համակարգը
Հայաստանում ԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Ճապոնիայի դեսպանության, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ այցելեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգային կենտրոն»։
Տեղեկացնում են ՀՀ ՇՄ նախարարության աշխատակազմից, այցի նպատակն էր՝ ներկայացնել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքները։
«Հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լեւոն Ազիզյանը ներկայացրեց կենտրոնի վերազինման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները՝ մասնավորապես նշելով 11 ավտոմատացված կայանների տեղադրման մասին, որի շնորհիվ Հայաստանի տարածքի մոտ 80 տոկոսում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների եւ մոնիտորինգի արդյունավետությունը բարձրացել է մինչեւ 95 տոկոս ճշգրտության։
Նա նշեց նաեւ տեղեկատվության կառավարման միասնական համակարգի ներդրման, արբանյակային տեղեկատվության ստացման եւ մշակման նորացված համակարգի, ՀՄԿ պաշտոնական կայքի եւ հեռախոսային հավելվածի մշակման մասին, որոնց շնորհիվ եղանակային կանխատեսումների եւ կլիմայական ռիսկերի վերաբերյալ առկա տվյալների օպերատիվ վերլուծությունն ու հնարավոր սցենարներն անմիջապես հասանելի են դառնում ՀՀ ազգաբնակչությանն ու շահագրգիռ կողմերին։
Մասնակիցներն այցելեցին նաեւ Սեւանի թերակղզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան, որտեղ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մասնակցությամբ, ծանոթացան տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս կարեւոր ծրագրի ֆինանսավորման եւ ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում ամբողջովին արդիականացվել են հիդրոօդերևութաբանական կայանները, որի շնորհիվ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգային կենտրոն»-ը կկարողանա իրականացնել նաեւ Սեւանա լճի եղանակային կանխատեսումները եւ հատկապես գոլորշիացման մակարդակը, որը նախկինում չէր դիտարկվում։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը եւ անձամբ դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, համապատասխան գործադիր մարմինների բոլոր ներկայացուցիչներին՝ արդյունավետ իրականացված ծրագրի համար։