Ադրբեջանում ձերբակալվել է Աֆղանստանի քաղաքացին, որն ահաբեկչություն էր ծրագրում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Աֆղանստանի քաղաքացուն, որն իբր ահաբեկչություն էր ծրագրում Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
ՊԱԾ տեղեկության համաձայն՝ «Պետական անվտանգության ծառայության իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանը, նախնական պայմանավորվածության մեջ մտնելով այլ անձանց հետ, ծրագրել է Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնել՝ երկրում հանրային կայունության խափանման, բնակչության շրջանում տագնապ առաջացնելու, պետական մարմինների եւ միջազգային կազմակերպությունների որոշումների վրա ազդեցություն գործելու նպատակով։ Հայտնի է դարձել, որ նշյալ քաղաքացին Ադրբեջան է եկել արտասահմանից՝ մտադրություն ունենալով հանցավոր արարքներ կատարել։ Բաքվում գտնվելու ժամանակ դիտարկումներ է իրականացրել դեսպանության շենքի մոտ՝ նպատակ ունենալով պարզել այն տարածքի կոորդինատները, որտեղ գտնվել է երրորդ հանրապետության դեսպանությունը, եւ ահաբեկչություն կատարել։ Զբաղվել է այն անձանց որոնմամբ, որոնց կարող էր ներգրավել ահաբեկչության կատարմանը, շփման մեջ է մտել այլ անձանց հետ՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի հրազեն եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերի»։ Հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել ձերբակալությունը։ ՊԱԾ-ն քննչական-օպերատիվ եւ միջազգային-իրավական ընթացակարգային միջոցառումների համալիր է իրականացնում՝ ահաբեկչությունը ծրագրած անձանց շրջանակը պարզելու համար։
Աղբյուրը՝ news.am