«Փորձում էին կռվի մեջ ներքաշել, «Հայաքվեի» ստորագրության թղթերը պատռել». Նաիրի Հոխիկյան
Մարտունիի համայնքապետարանի մոտ այսօր՝ հուլիսի 10-ին, երկու միջին տարիքի տղամարդիկ փորձել են լարված մթնոլորտ ստեղծել «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի վայրի շուրջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը, որը Մարտունիում նախաձեռնության համակարգողն է:
«Այդ տղամարդիկ փորձում էին կռվի մեջ ներքաշել, սադրել, բայց ես չտրվեցի սադրանքին, որպես այդպիսին քաշքշուկ չեղավ։ Իրենք փորձում էին հրահրել, ասում էին՝ սա Արցախը փրկելու համար չէ, այլ շարժում է, անգամ ասում էին՝ Եհովայի վկաներն են կազմակերպել կամ այլ անձինք։ Իրենցից քիչ հեռու էլ տեղի ՔՊ-ականներն էին կանգնած, բայց իրենք որեւէ կերպ չխառնվեցին։ Անգամ փորձում էին ստորագրության թղթերը պատռել»,- պատմեց Հոխիկյանը։
Նրա կարծիքով՝ տղամարդիկ նպատակադրված էին եկել, որպեսզի կարողանան ահաբեկել ստորագրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիներին։
«Անգամ մի քանի մարդ եկան եւ ցանկացան հետ վերցնել ստորագրությունը։ Կասկած չունեմ, որ իշխանությունն է սա կազմակերպել։ Դիմել եմ ոստիկանություն, եկել էին, եթե կրկին նման բան եղավ, հաղորդում կներկայացնեմ»,- նշեց Հոխիկյանը։