Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 11–ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ հվելելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 11–ին։
Նշենք, որ խորհրդարանական մշտական հանձնաժողովները նախորդ շաբաթվանից նիստեր են անցկացնում` քննարկելով արտահերթ նիստին ներկայացվելիք նախագծերը։
Մասնավորապես` ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին, «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ քննարկվել է «Երեխայի իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հիշեցնենք` ԱԺ նախորդ արտահերթ նիստը (կառավարության առաջարկով) տեղի էր ունեցել հունիսի 13-15–ը։