Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը. Փոխնախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից ստեղծված` «Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների կրթական իրավունքի իրացման» աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաները՝ իրենց ձայնը դարձնելով լսելի։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր ամփոփել հաստատություններում խնամվող երեխաների կրթական իրավունքի ոչ լիարժեք իրացման հետ կապված խնդիրները, որոնք առաջիկայում կայանալիք` երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվեն հանձնաժողովի անդամներին` դիտարկելով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների և որոշումների կայացման գործում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը։
Այդ համատեքստում նա ընդգծել է միջգերատեսչական համագործակցության դերը՝ խնդիրների ճիշտ դասակարգման, ըստ առաջնահերթության լուծելու, կանոնակարգելու և նույն տեսլականն ունենալու գործում։
Աշխատանքային խմբի մասնակիցները ևս մեկ անգամ քննարկել են պրակտիկայում ի հայտ եկած դժվարություններն ու խնդիրները․ հասարակությունում ոչ լիարժեք ներառման ու պիտակավորման, տնային ուսուցման մեջ գտնվող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և հարմարեցման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կրթական ծրագրերի հարմարեցման և այլն։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ իրենց առաջարկներն ու խնդիրներն են ներկայացրել նաև աշխատանքային խմբի նիստին մասնակցող երեխաները։