Դանակահարություն Չինաստանի մանկապարտեզներից մեկում․ կա 6 զոհ
Չինաստանի հարավ-արևելյան Գուանդուն նահանգում 25-ամյա տղամարդը մտել է մանկապարտեզ և սկսել դանակահարել այնտեղ գտնվողներին։ 6 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Ըստ քաղաքային իշխանությունների՝ զոհերի թվում են 3 երեխա, 1 ուսուցիչ և 2 ծնող։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 10-ի առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 07։40-ին։
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է տղամարդուն ժամը 08։00-ի սահմաններում։
BBC-ն նշում է, որ Չինաստանում դաժան հանցագործություններ համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում, սակայն երկրում վերջին տարիներին ավելացել են դանակահարության միջադեպերը, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել դպրոցներում։ 2022 թ․ օգոստոսին Ցզյանսի նահանգում տղամարդը մտել էր մանկապարտեզ և դանակահարելով սպանել 3 հոգու, վիրավորել՝ 6-ին։ 2021 թ․ ապրիլին զանգվածային դանակահարության հետևանքով Բեյլյու քաղաքում սպանվել էր 2 երեխա, 16-ը վիրավորվել էր։ Իսկ 2018 թ․ հոկտեմբերին Չունցին նահանգի մանկապարտեզներից մեկում դանակահարության հետևանքով 14 երեխա էր վիրավորվել։
Չինաստանի իշխանությունները 2010 թ․-ից ի վեր ուժեղացրել են անվտանգությունը դպրոցներում։