Անվանի հյուրեր և հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր. Երևանում մեկնարկեց քսաներորդ «Ոսկե ծիրան»-ը
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը քսան տարի անընդմեջ հյուրընկալում է աշխարհում մեծ ճանաչում վայելող կինոգործիչների, Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր և հրաշալի հարթակ դառնում կինոարվեստ նոր մուտք գործող երիտասարդների համար: Հոբելյանական փառատոնը, որն անցկացվում է հուլիսի 9-16-ը, մեկնարկեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոն ի բացումը վստահված էր ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» կինոնկարին, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։
«Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրություն է: Այն անվերջ սպասման մասին է: Ե՛վ բովանդակային, և՛ այլ գործոններ նպաստեցին ֆիլմի ընտրությանը, իսկ մյուս շերտերը հնարավոր է բացահայտել՝ դիտելով կինոնկարը»,- նշեց կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Խոսելով փառատոնի խորագրից, որն է՝ «Հետ նայելով գալիքին», նա ընդգծեց՝ ցանկանում են ոչ թե կենտրոնանալ փառատոնի քսան տարին ամփոփելու վրա, այլ ցույց տալ, որ 20-ամյակն ավելի հեռուն նայելու առիթ է: «Քսան տարին մեծ թիվ չէ համաշխարհային փառատոնային իրականությունում, սակայն անկախ Հայաստանի պատմության ընթացքում «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակը եզակի մշակութային ինստիտուցիա է, որը ոչ միայն դիմակայել է տարբեր դժվարությունների, այլև յուրաքանչյուր տարի փորձել է կատարել և՛ ամփոփելու, և՛ ժամանակի ոգին որսալու, մատնանշելու գործառույթ»,- շեշտեց Ավետիսյանը:
Նա յուրահատուկ համարեց հոբելյանական փառատոնի բոլոր միջոցառումներն ու ֆիլմերը, սակայն նշեց՝ կան պատվավոր հյուրեր, որոնց առանձնացնում են՝ հաշվի առնելով նրանց դերը համաշխարհային կինոյում: «Այս տարի հյուրընկալել ենք օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասին, բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններին, որոնք Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ են, ճապոնացի ռեժիսոր, դերասան Տակեշի Կիտանոյին։ Կիտանոն եկել է ոչ որպես աստղ, այլ որպես մեծ արվեստագետ, որը ստեղծագործում է տարբեր ոլորտներում»,- ասաց Կարեն Ավետիսյանը, որը պատվավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրներին:
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ «Փարաջանովյան թալեր» հանձնեց ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, նկարիչ, հեռուստահաղորդավար, բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոյին:
Նա հիշեց՝ տարիներ առաջ իր «Սահման» ֆիլմն է ներկայացրել Տոկիոյի փառատոնում: «Զարմացած, վախեցած էի՝ տեսնելով Ճապոնիան, մարդկանց: Ասացի՝ կուզեմ տեսնել ձեր լավագույն, մեծ կինոռեժիսորին՝ Կիտանոյին: Ինձ պատասխանեցին, որ նա նաև սցենարիստ է, դերասան, հաղորդավար, որ նա ճապոնական կինոյի աստվածն է: Ինձ թույլ չտվեցին հանդիպելու այդ «Աստծո» հետ, և մենք ստիպված նրան հրավիրեցինք Երևան»,- պատմեց Խաչատրյանը: ...