Գիտնականները բացահայտել են 5000-ամյա կմախքի գաղտնիքը
2008 թվականին եվրոպացի հնագետները տպավորիչ գտածո են հայտնաբերել․ նրանք Իսպանիայում Սևիլյայի մոտ դամբարան են գտել, որը պատկանել է մեծ կարևորություն ներկայացնող մարդու։
Նոր ուսումնասիրությունը միանգամայն անսպասելի արդյունք է տվել։
Իսպանիայում հայտնաբերված 5000 տարեկան կմախքը թաղված է եղել բյուրեղապակյա դաշույնի և այլ արժեքավոր առարկաների հետ։ Սակայն սկզբնապես գիտնականների կողմից «Փղոսկրե տղամարդ» կոչված գտածոն, պարզվել է, որ իրականում «Փղոսկրե տիկին» է եղել, տեղեկացնում է news.am-ը։
Նոր մեթոդը, որ ներառում է ատամի էմալի հետազոտում, օգտագործվել է հաստատելու համար, որ կմախքը կնոջ է պատկանել, ինչը փոխել է գիտնականների գտածոների մեկնաբանությունը։
«Փղոսկրե տիկինը», որը, հավանաբար, ղեկավար դեր է ունեցել, ըստ երևույթին, իր մահից մի քանի սերունդ հետո էլ իր հասարակության հարգանքն է վայելել, եզրակացրել են գիտնականները։
Կնոջ գերեզմանը շրջապատում են նրա մահից 200 տարի հետո արված հուղարկավորությունները։
«Հավանաբար նա շատ խարիզմատիկ անձնավորություն է եղել։ Գուցե նա ճանապարհորդել է կամ իսկապես կապեր է ունեցել հեռավոր երկրների մարդկանց հետ»,- հայտարարել է հնագետ, Սևիլյայի համալսարանի նախապատմական ժամանակաշրջանի պրոֆեսոր Լեոնարդո Գարսիա Սանջուանը։