Սոչիի լողափերում արգելվել է լողալ
Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:
«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ ...Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց ...Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հուլիսի 9-ի գիշերը Սոչիում տեղի են ունեցել հեղեղումներ, քաղաքի Խոսինսկի թաղամասի տները ջրի տակ են անցել, ջրի հոսքը քշել է տասը մեքենա։ Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտնել է, որ քաղաքում ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել նրանց համար, ում տները ջրի տակ են անցել։
Երեկ՝ հուլիսի 8-ին, Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը մինչև հուլիսի 10-ը փոթորկի նախազգուշացում է հայտարարել Անապայից մինչև Սոչիի Մագրի առողջարանային շրջան ընկած հատվածում։ Գործակալությունը նախազգուշացրել է ծովի վրա պտտահողմերի առաջացման վտանգի մասին։