Օստեոպարոզի դրսևորումները 70+ տարիքում. մանրամասնում է օրթոպեդ-վնասվածքաբանը
Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը անդրադարձել է բարձր տարիքային խմբի՝ 70-ից ավելի տարեկանների շրջանում հատկապես կանանց մոտ տարածված օստեոպարոզ հիվանդությանը: Այն ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը, գրում է Aysor.am-ը։
Բժշկի խոսքով, ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսկրային հյուսվածքը կորցնում է ամրությունը: Այս կոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել և ունենում է վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում:
Այս դեպքում մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն են առանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում են անհրաժեշտ վիրահատություն:
Ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում։
Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել։