Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է. «Արցախպրես»
Հուլիսի 6-ից Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներում գործող կետերում որպես աջակցություն` շաքարավազ և ձեթ է տրամադրվում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թեժ գծի օպերատոր Իննա Մանուչարյանն ասել է, որ Արցախում փաստացի ապրող ցանկացած երեխա ստանալու է իրեն հասանելիք օգնությունը։
«Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է 0,5կգ շաքարավազ և 0,5լ ձեթ։ Բաշխման գործընթացը սկսվում է առավոտյան ժամը 10:00-ին և տևում մինչև 18:00-ն՝ հետևելով հովհարային անջատումների գրաֆիկին»,- նշել է Ի. Մանուչարյանը։
Մեր զրուցակիցն իրազեկել է` գործող կետերում հերթեր են գոյանում, ինչն անտեղի է, քանի որ մինչև վերջին շահառուն չստանա աջակցության իր չափաբաժինը, ծրագիրը կշարունակի գործել։
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջկենտրոններում վերոնշյալ աջակցությունը տրամադրվում է հուլիսի 7-ից՝ ԱՀ ՍԶՄ նախարարության ստորաբաժանումների կողմից։
«Արցախի մյուս համայնքներում օգնության տրամադրումը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,- հավելել է Ա. Թովմասյանը։