Կիևին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշմումն ուղղված է Ուկրաինայում հակամարտության ձգձգմանը․ ՌԴ ԱԳՆ
Կիևին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշմումն այդ երկրի իշխանությունների ագրեսիվ հակառուսական կուրսի ևս մեկ աղաղակող դրսևորում է, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության առավելագույն ձգձգմանը։ Այդ մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության՝ «սա հուսահատության ժեստ է Ուկրաինայի հակահարձակման տապալման ֆոնին»։
ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ ուկրաինական կողմի խոստումը՝ զենքը «պատասխանատու» կիրառելու մասին, «ոչ մի արժեք չունի»։
«Կասետային զինամթերք մատակարարելով՝ Վաշինգտոնը փաստացի մասնակից կդառնա տարածքի ականապատմանը և լիովին կկիսի պայթյունների հետևանքով զոհերի, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի երեխաների զոհվելու պատասխանատվությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ միջազգային հանրությունը չի կարող անտեսել այդ իրավիճակը և պետք է համարժեք արձագանքի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել։