Որո՞նք են տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող օնկոուրոլոգիական խնդիրները
Օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ Ազատ Չախոյանը անդրադարձել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:
Բժշկի խոսքով, առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը, գորւմ է Aysor.am-ը:
«Ապացուցված է՝ ծխելը մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն, այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժած է, այդ նյութերն անում են իրենց չար գործը»,-նկատում է բժիշկը:
Մասնագետը կարևորում է խնդրի հետ կապված ցանկացած գանգատին լուրջ վերաբերվելու հանգամանքը, քանի որ միզապարկում գտնվող փոքր չափերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում:
«Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է նշանակվում: Այս հետազոտությունները կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը»:
Վիրահատական միջամտության դեպքում դա կատարվում է մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ գործիքըմիզուկով անցկացվում է միզապարկ, և չարորակ գոյացությունը հեռացվում է՝ առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝ պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։