ՌԴ-ն խնդրել է «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել
Ռուսաստանը խնդրել է հուլիսի 11-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ ՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման թեմայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բաց նիստ ենք խնդրել հուլիսի 11-ին «Հյուսիսային հոսքերը» խափանելու վերաբերյալ»,- գրել է նա իր «Տելեգրամ» ալիքում։
2022 թվականի սեպտեմբերի վերջին եվրոպական խոշորագույն «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների ճյուղերը պայթեցվել են։ Միջադեպի հանգամանքները վկայում էին դիվերսիայի մասին, ավելի ուշ խողովակաշարերի միտումնավոր պայթեցման փաստը հաստատվել էր դեպքի վայրի զննության ընթացքում։