Էրդողանը հույս է հայտնել, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» երկարաձգելու հույս ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կհասնենք արդյունքների», - հայտարարել Է Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ջանքեր ենք գործադրում նախաձեռնության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Մենք նաև ուսումնասիրում ենք համաձայնագրի երկարաձգման հնարավորությունները ոչ թե երկամսյա, այլ եռամսյա հիմունքներով: Մենք նաև ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ ժամանակահատվածը հասցնենք երկու տարվա»,- հավելել է նա:
Էրդողանը նշել է, որ քննարկել է նախաձեռնության երկարաձգումը Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հետ:
«Մենք կշարունակենք քննարկումները Ռուսաստանի ղեկավարի հետ հաջորդ ամիս կայանալիք անձնական հանդիպման շրջանակներում: Դա մեր օրակարգի հիմնական հարցերից մեկն է», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:
«Հացահատիկի գործարքի» ժամկետը լրանում է հուլիսի 17-ին: ՌԴ ԱԳՆ-ն հուլիսի սկզբին հայտարարել էր համաձայնագրի երկարաձգման հիմքերի բացակայության մասին: Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան մտածում է համաձայնագրից դուրս գալու մասին: