Ամեն ինչ արվում է՝ մարդիկ հուսահատվեն և չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում. Ռուբեն Վարդանյան
Արցախում մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ 44-օրյա պատերազմը շոկային ազդեցություն է թողել հասարակության վրա, մարդիկ իրավիճակից կտրվել են և չեն ուզում իրավիճակն ընդունել, այսօր «Հայաստն-Սփյուռք-Արցախ համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Արցախի շրջափակումն ամեն օր բարդացնում է իրավիճակը.«Մենք չունենք բենզին, դիզվառելիք, տարիքով մարդիկ չեն կարողանում դեղեր գնել: Մարդիկ չեն ցանկանում հասկանալ, որ սա շատ վտանգավոր իրավիճակ է: Շրջափակումն ունի մեկ լավ կողմ՝ մենք բոլորս այդտեղ մեկ նավի մեջ ենք, բոլորս հավասար ենք: Սակայն, անջատվածությունը շատ վատ բան է, այն բերում է անտարբերության:
Ամեն ինչ ավելի է խորացել ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված թեզերով, որ Արցախը մեր գլխացավանքն է և եթե Արցախից ազատվենք, ՀՀ-ն կունենա խաղաղություն: Դրանք արմատավորվում են շատ վտանգավոր թեզերով, դրանք Արարատ լեռան, Նեմեսիսի հուշարձանի մասով են, այն, որ պատերազմի ժամանակ բոլոր տղամարդիկ դասալիքներ են եղել, հայ կանայք երջանիկ չեն եղել, եկեղեցին վատն է, և այլն:
Ցավոք, մարդիկ չեն հասկացել, որ պատերազմը չի վերջացել: Ամեն ինչ արվում է, որ մարդիկ հուսահատվեն և չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում»:
Նա նաև հավելեց, որ այսօր զարգացման ծրագիր ունեն, որը 77 ուղղությունով է, աշխատանքային խմբերն աշխատում են։ Արդեն տասնյակ ծրագրեր են իրականացրել։