Էլեկտրահարության պատճառները. ինչի՞ց զգուշանալ
Էլեկտրահարությունն առաջանում է, երբ մարդը պատահաբար կամ անփութության հետևանքով սխալ է շփվում էլեկտրական հոսանքի հետ։
Նման դեպքերում էլեկտրական հոսանքն անցնում է մարմնի որևէ մասով և առաջացնում էլեկրահարություն կամ էլեկտրաշոկ։ Էլեկտրահարությունը կարող է որևէ լուրջ վնասվածք չառաջացնել, սակայն կարող է նաև բերել մահվան։ Մարմնի այն մասում, որը հպվել է էլեկտրական հոսանքին, կարող է առաջանալ այրվածք, գրում է Aysor.am-ը:
Էլեկտրահարության հետևանքները կախված են տարբեր գործոններից, այդ թվում`
հոսանքի տեսակ (հաստատուն կամ փոփոխական),
հոսանքի ուժ (որը հաշվարկվում է՝ ելնելով հոսանքի աղբյուրի վոլտաժից և «մուտքի» հյուսվածքների դիմադրողականությունից),
տուժողի մարմնում էլեկտրական հոսանքի անցման ուղի (արդյոք սիրտն ընկա՞ծ է այդ ուղու վրա)։
Շատ փոքր ուժի հոսանքը կարող է հոսանքի հետ հպման կետում առաջացնել թույլ ծակոցի զգացում կամ ընդհանրապես չզգացվել։ Փոքր ուժի հոսանքն ինքնին անվնաս է, սակայն հարուցելով կտրուկ պատասխան ռեակցիա և մկանների կտրուկ ջղաձգում, կարող է առաջացնել «հարակից» վնասում՝ վայր ընկնելու, անհաջող շարժում կատարելու և այլ պատճառներով։ Ավելի ուժեղ հոսանքը կարող է առաջացնել որոշ դիսկոմֆորտ կամ ցավ, մինչդեռ էլ ավելի ուժեղ լինելու դեպքում էլեկտրահարությունը կարող է առաջացնել մկանների կտրուկ կծկում, որը տուժողին թույլ չի տալիս, որ ազատվի հոսանքի աղբյուրից։ Ավելի հզոր հոսանքը կարող է պատճառել հյուսվածքների վնասում և սրտի ֆիբրիլյացիա կամ սրտամկանի ինֆարկտ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կարող են ավարտվել տուժողի մահով։
Կենցաղային կամ աշխատանքային պայմաններում էլեկտրահարության ամենատարածված պատճառներն են՝
վնասված հոսանքի լարեր,
հոսանքի լարի կտրում,
հնացած հոսանքի լարեր,
էլեկտրական սարքերի վրա ջրի կամ խոնավության առկայություն,
ոչ սարքին էլեկտրական սարքեր։
Էլեկտրահարությունից տուժած անձի մոտ կարող է դրևսորվել սկսած վնասվածքի մեղմ նշաններից մինչև ծանր այրվածքի տեսանելի նշաններ։
Այրվածքները սովորաբար ավելի արտահայտված են հոսանքի աղբյուրի կամ հողի հետ շփման շրջաններում, որտեղ մուտքային հյուսվածքների բարձր դիմադրողականության պատճառով առաջանում է տեղային կտրուկ տաքացում։ Ձեռքերը, կրունկները և գլուխը նման շփման հիմնական կետերն են։ 500-1000 վոլտ լարվածության հոսանքը կարող է առաջացնել նաև ներքին այրվածքներ։
Բարձրավոլտաժ էլեկտրահարությունը կյանքին սպառնացող և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակ է։
Եթե տեղի է ունեցել ցածրավոլտաժ էլեկտրահարություն, դիմեք բժշկին հետևյալ դեպքերում՝
ցնցումային հիվանդության պատմություն,
ինքնուրույն չլավացող այրվածքներ,
էլեկտրահարվել է հղի կինը,
գիտակցության կորուստ,
շշմածություն և շփոթվածություն,
շնչառության խանգարումներ,
ցնցումային նոպա։