Լուսնի վրա գրանիտի մեծ շերտ է հայտնաբերվել․ այն ավելի նման է Երկրին, քան ենթադրվում էր
Գիտնականները, միկրոալիքային գործիքների կիրառմամբ ուսումնասիրելով Լուսնի հակառակ կողմի մակերեսը, հայտնաբերել են որոշակի «թեժ կետ», որը, ըստ մի խումբ ամերիկացի գիտնականների, գրանիտի մեծ շերտ է։ Սա նշանակում է, որ Լուսինն ավելի շատ է նման Երկրին, քան ընդունված էր ենթադրել։
Հրաբխային ծագում ունեցող գրանիտե ապարները տարածված են Երկրի վրա, սակայն Արեգակնային համակարգի այլ վայրերում դրանք գրեթե բացակայում են: Սակայն հիմա, հնարավոր է, որ գիտնականների հայտնաբերածը Լուսնի հեռավոր կողմի մակերեսի տակ գտնվող գրանիտե մեծ օբյեկտ է։
Բացահայտումն արձանագրվել է չինական Chang'e-1 և Chang'e-2 անօդաչու սարքերի միկրոալիքային սարքերի միջոցով: Հետազոտողները կիրառել են նաև ամերիկյան լուսնային ուղեծրային LRO կայանի, աշխատանքը դադարեցրած Lunar Prospector ապարատի, ինչպես նաև Chandrayaan-1 (Հնդկաստան) և Apollo (ԱՄՆ) առաքելություններից ստացված տվյալները:
Չինական սարքերն օգնել են քարտեզագրել Լուսնի մակերևույթի տակ գտնվող ջերմաստիճանը. միկրոալիքային ռադիոմետրիան թույլ է տալիս զննել 0,3-ից 5,6 մ խորության վրա և չափել ժայռերի ջերմաստիճանը: Լուսնի հեռավոր կողմում գտնվող Կոմպտոն և Բելկովիչ խառնարանների միջև հայտնաբերվել է ինչ-որ «թեժ կետ», որի բնույթը տեղագրությունը չի կարողացել բացատրել։ Պարզվել է, որ միակ հավանական տարբերակը ստորգետնյա ջերմային աղբյուրն է:
Այս վայրում կա հրաբուխ, որը վերջին անգամ ժայթքել է մոտ 3,5 միլիարդ տարի առաջ։ Օբյեկտը, որի լայնությունը մոտ 50 մ է, ենթադրաբար գրանիտի շերտ է՝ սառած մագմա: Այն պարունակում է ռադիոակտիվ տարրեր՝ ուրանի և թորիումի բարձր խտություն, ինչը, գիտնականների համոզմամբ, հանգեցրել է մակերեսի տաքացմանը։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մեծ հրաբուխը ժամանակին սնվել է դրա տակ գտնվող մագմայի հսկայական խցիկից: Ամերիկյան Apolon ծրագրի առաքելությունների շրջանակում Լուսնից ստացվել են գրանիտե նյութի նմուշներ, սակայն այս մեծության օբյեկտներ նախկինում հնարավոր չի եղել հայտնաբերել: Շերտի չափը, ըստ գիտնականների, ցույց է տալիս, որ Լուսինն ավելի նման է Երկրին, քան նախկինում ենթադրվում էր։
Աղբյուրը՝ news.am