Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից պատրաստված, դռները եղել են անհարթ,
- առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքներն ապահով չեն եղել՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել։
Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: