Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտ 150 մետր ձորը գլորված տրակտորի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը. ներսում քաղաքացի կա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա․ Հ, ծնված 1988 թ․) գլորվել է ձորը (մոտ 150 մ)։
Նշվում է, որ փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին և ուղևոր Տ․ Գ․-ին (ծնված 1999 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի բժշկական կենտրոն։