ՆԳՆ նախարարը համարում է՝ խնդիր է, եթե քաղաքացին ոստիկանից չի վախենում․ Դանիել Իոաննիսյան
Պարեկային ծառայության վիճակագրությանը հանցավորության դեմ պայքարի թվով, վթարների հետեւանքով մահացության ցուցանիշների առումով արդյունավետ է, քան նախկինում ՊՊԾ եւ ճանապարհային ոստիկանության դեպքում էր, սակայն փորձ է կատարվում կառուցելու 1990-ականների մոդելի ոստիկանություն, որտեղ ոստիկանի նկատմամբ հարգանքը հիմնված է վախի վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Քաղաքացիներս հարկեր ենք վճարում, եւ ոստիկանները դրանցից ստանում են աշխատավարձեր եւ ունեն որոշակի պարտականություններ։ Բայց մենք ունենք ՆԳՆ նախարար, որը համարվում է՝ խնդիր է, եթե քաղաքացին ոստիկանից չի վախենում։ Հատկապես հեղափոխությունից հետո ոստիկանությունում շեշտը պետք է դրվեր էֆեկտիվ ծառայության եւ հանրային վստահության վրա, բայց սա չարվեց, ու ինչ-որ պահից իշխանությունը որոշեց, որ ոչինչ պետք չի փոխել, կարելի է վերադառնալ հին ու բարի ժամանակներ․ ում կասկածում ենք հանցագործության մեջ, բաժնում ծեծենք, ինքնախոստովանական ցուցմունք ստանանք, գեղեցիկ վիճակագրություն ունենանք՝ բացահայտված հանցագործությունների թիվն աճել է»,- ասաց Իոնաննիսյանը։
Իոաննիսյանի փաստական տվյալով՝ վերջին 10 տարում ոստիկանական բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնություն չի եղել, սակայն միայն 2023 թվականին նման երեք դեպք է արձանագրվել․ «Իսկ իրականում քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերը շատ ավելի շատ են, քան բացահայտվում են։ Եթե մի օր ինչ-որ բաժնում բռնություն չի լինում, դա շատ չստացված օր է իրենց համար»։