Չեզոք Շվեյցարիան և Ավստրիան միացել են հակաօդային պաշտպանության եվրոպական նախաձեռնությանը
Չեզոք երկրներ հանդիսացող Շվեյցարիան և Ավստրիան միացել են եվրոպական հակաօդային պաշտպանության Sky Shield (Երկնքի վահան) նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Sky Shield-ը նախաձեռնել է Գերմանիան Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո։ Այն պետք է եվրոպական երկրներին թույլ տա պաշտպանական համակարգեր գնել միասին և վերապատրաստվել միասին։
Ըստ BBC-ի՝ Շվեյցարիայում ոմանք մտահոգություններ ունեն, որ այս քայլը կասկածի տակ է դնում երկրի երկարամյա չեզոքությունը։ Շվեյցարիայի կառավարության պնդմամբ՝ ընդհանուր համակարգի շուրջ եվրոպական հարևանների հետ աշխատելը ձեռնտու է թե՛ ռազմավարական, թե՛ ֆինանսական առումով։
Ավստրիայի կառավարությունն իր հերթին պնդել է, որ ռազմական ռեսուրսները միավորելով՝ երկիրը կարողանում է պահպանել իր չեզոք կարգավիճակը։
Sky Shield նախաձեռնությանը միացել է 19 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Հյուսիսային Եվրոպայի երկրները, Բալթյան երկրները, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան։
Միանալով այս նախաձեռնությանը՝ Շվեյցարիան և Ավստրիան շեշտել են, որ իրենց չեզոքությունը մնում է անփոփոխ։