ՆԱՏՕ-ի երկրները ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես ռազմական ծախսերի նվազագույն չափ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«Դաշնակիցները կընդունեն ավելի հավակնոտ նպատակներ և ՀՆԱ-ի 2%-ը կսահմանեն որպես տարեկան պաշտպանական ծախսերի նվազագույն չափ», - ասել է նա։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն 2023 թվականին ռազմական ծախսերը կավելացնի 8,3 %-ով։
«Այսօր մենք հրապարակում ենք պաշտպանական ծախսերի նոր գնահատումները: 2023 թվականին եվրոպացի դաշնակիցների մոտ և Կանադայում կլինի 8,3 %-ով աճ, դա տասնամյակների ընթացքում ամենամեծ աճն է», - ասել է նա՝ նշելով, որ վերջին 9 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի պաշտպանական ծախսերն ավելանում են, և այս տարի դաշնակիցները լրացուցիչ 450 միլիարդ դոլար կծախսեն պաշտպանության համար։
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։ Բացի դաշինքի անդամ երկրներից, դրան կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները։