Ամազոնի անտառահատումները 2023 թ․-ին նվազել են մեկ երրորդով․ Բրազիլիայի կառավարություն
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կառավարման առաջին վեց ամիսների ընթացքում Ամազոնյան անտառներում անտառահատումների ծավալը նվազել է 33,6 %-ով՝ 2022 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Բրազիլիայի կառավարությունը։
Ըստ երկրի իշխանությունների՝ այս տարվա հունվարից հունիս ամիսներին հատվել է Ամազոնի խոնավ արևադարձային անտառների 2649 քառ․ կմ տարածք, մինչդեռ, ըստ կառավարության զեկույցի, անցյալ տարվա առաջին 6 ամիսներին՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի օրոք, հատվել է 3988 քառ կմ անտառ։
Բրազիլիայի կառավարությունը նաև իր պնդումը հաստատող արբանյակային տվյալներ է հրապարակել, որոնք անկախ փորձագետների կողմից առայժմ չեն ստուգվել։
Նախագահական ընտրարշավի ժամանակ Լուլա դա Սիլվան խոստացել էր մինչև 2030 թ․-ը վերջ դնել անտառահատումներին, որոնք վերջին տարիներին տագնապալի աճ էին գրանցել։
Ամազոնի անտառներն աշխարհի ամենամեծ խոնավ անտառներն են և համարվում են երկրագնդի «թոքերը»․ դրանց 60 %-ը գտնվում է Բրազիլիայի տարածքում։
Ամազոնի անտառները կարևոր նշանակություն ունեն կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում։