Միջադեպը որեւէ լուրջ հետեւանք չի ունեցել. Հյուսիսային պողոտայում երգող մուրացիկին նկատողություն եմ արել. Արթուր Աբրահամ
Սոցցանցերում տարածված տեսանյութը իմ մասնակցությամբ որեւէ լուրջ հետեւանքներ չի ունեցել. ես Հյուսիսային պողոտայում դինամիկով երգող մուրացիկին նկատողություն եմ արել օրվա բոլոր ժամերին մեր պատուհանների տակ բարձրաձայն երաժշտություն միացնելու եւ մեր երեխաների քունը պարբերաբար խանգարելու համար: Սա լուրջ խնդիր է, ինչի առիթով հրավիրում եմ Երեւանի քաղաքապետարանի ուշադրությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխահի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Նշենք, որ նախօրեին սոցցանցերում տարածվեց Արթուր Աբրահամի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայտնի բռնցքամարտիկը վիճաբանում է Երեւանի փողոցներից մեկում:
«Խնդիրն այն է, որ Հյուսիսային պողոտայում ամեն քայլափոխի դինամիկ է դրված, երգով գումար են հավաքում ժողովրդից: Իրենք չեն երգում, դինամիկ են միացնում, ով ինչքան ուզում բարձրացնում է, ով ինչ երգ ուզում միացնում է... Ոչ թողնում են երեխադ քնի, ոչ կարողանում ես տանը քեզ համար հանգիստ նստել, ոչ պատշգամբ դուրս գալ, ոչ սրճարանում երեկոդ վայելել, ոչ էլ զբոսնել: Օրվա որ ժամին ուզում միացնում են, բարձր: Բնակիչների անդորրն են խանգարում: Մայրիկները չեն կարողանում երեխաներին քնացնել: Իմ երեխայի, մեր երեխաների քունն են խանգարում»,-ասաց Արթուր Աբրահամը:
Նա նաեւ հավելեց, որ սա արդեն լուրջ խնդիր է մեր քաղաքում. «Ես ուզում եմ, որ քաղաքապետարանը ուշադրություն դարձնի այս հարցին: Հյուսիսային պողոտայի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարանին, բայց ոչ մի արձագանք չի եղել:
Երեւանում այժմ ոչ մի տեղ չես տեսնի մուրացիկների՝ Կասկադում, Արամի փողոցում, Օպերայում բոլոր տեղերից հանել են, արգելել են: Միայն Հյուսիսային պողոտան է մնացել: Ամեն 10 մետրը մեկ կանգնած են՝ բարձր երաժշտությունը միացրած:
Երեկվա վիճաբանությունն այս թեմայով է եղել, ոչ մի ուրիշ խնդիր չի եղել: Ինչ-որ մեկը պետք է խոսի այս մասին, որ խնդրին լուծում տրվի:
Թող Հյուսիսային պողոտայում էլ արգելեն: Թող գնան այնպիսի վայրերում երգեն, որտեղ հարակից բնակելի շենքեր չկան: Թող Հրապարակում երգեն ու որեւէ մեկին չխանգարեն: Անվերահսկելի է այս ամենը, չես կարող տանը հանգստանալ: Օրվա բոլոր ժամերին ինչ երգ ուզում միացնում ու երգում են: Չի կարելի, չէ»,- ասաց Արթուր Աբրահամը: