Փորձարկման արդյունքում «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման փոփոխություններ են եղել. ԿԳՄՍՆ
ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:
Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.
պետական բաղադրիչ՝
տարրական դպրոցում՝ 10-15 %,
միջին դպրոցում՝ 12-20 %,
ավագ դպրոցում՝ 7-20 %,
ընտրովի բաղադրիչ՝
տարրական դպրոցում՝ 6 %,
միջին դպրոցում՝ 8 %,
ավագ դպրոցում՝ 15 %։
Օտար լեզուների խորացված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար միջին դպրոցում ուսումնական բնագավառին նախկինում հատկացված շաբաթական առավելագույն 5 ժամի փոխարեն նախատեսվում է հատկացնել 8 ժամ, որը հնարավորություն կտա դպրոցին մեկ օտար լեզու ուսումնասիրել 4 կամ 4,5 ժամով, երկրորդ օտար լեզուն՝ 2 ժամով, իսկ երրորդ օտար լեզուն՝ 1․5 կամ 2 ժամով։