Վարչական համակարգողի ինստիտուտի ներդրման նպատակը որակյալ ծառայություններ մատուցելն է․ փորձագետը՝ դպրոցների կառավարման նոր մոդելի մասին
Դպրոցներն ունեն ՊՈԱԿ-ի կարգավիճակ, հետևաբար գործադիր մարմնի ղեկավարը տնօրենն է, պարզապես օրենսդրական փոփոխության արդյունքում առաջ է գալիս վարչական համակարգողի ինստիտուտը։ Գործադիր մարինը մեկն է, ուղղակի գործառույթներն են առանձնացված։ Վարչական համակարգողի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի հնարավորնիս որակյալ ֆինանսատնտեսական ծառայություններ մատուցել, այսինքն՝ կլինի առանձին մասնագետ, ով զբաղվելու է դպրոցի նյութատեխնիկական բազայի զարգացմամբ, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Արսեն Հարությունյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների կառավաման մոդելին առնչվող նոր չափորոշիչի կիրառմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ դպրոցների կառավարման նոր մոդելը նոր ուսումնական տարվանից կներդրվի մարզերի ու Երևանի բոլոր դպրոցներում: Ըստ նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Անցյալ տարի «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել էր փոփոխություն, որն ուժի մեջ է մտել այս տարվանից, որով ՀՀ բոլոր դպրոցներում անցում է կատարվում ուսումնական գործընթացի նոր կարգավորման, ըստ որի՝ հետայսու կկիրառվեն մեթոդական ղեկավարումն ու վարչատնտեսական կառավարումը տարանջատող գործառույթներ։
«Նախկինում հանրակրթական դպրոցների տնօրենները զբաղված էին տարաբնույթ հարցերով, իրականացնում էին ամբողջական գործառույթներ՝ զբաղվելով ինչպես մեթոդական, այնպես է ֆինանստնտեսական գործերով, ինչը պահանջում էր շատ ժամանակ, ուստի երկրորդ բաղադրիչը հաճախ տնօրեններին շեղում էր ուսումնամեթոդական խնդիրներից։ Մինչդեռ նոր կարգավորմամբ՝ դպրոցների ղեկավարներն ազատվում են տնտեսական գործունեության հետ կապված ընթացիկ հարցերից, ինչը հնարավորություն կտա մանկավարժ տնօրեններին ամբողջ ներուժն ու ժամանակն օգտագործելով՝ զբաղվել բուն ուսումնադաստիարակչական գործառույթով»,- ասաց Հարությունյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ դպրոցի տնօրենը ոչ բոլոր դեպքերում կարող է և պարտավոր է մեծ արդյունավետությամբ զբաղվել ֆինանսատնտեսական հարցերով, մանավանդ, եթե մասնագետ չէ, հետևաբար ներգրավվում են մասնագետներ, գործարկվում է համակարգողի ինստիտուտը, ով տնօրենի հետ մեկտեղ կաշխատի նույն կառույցում՝ նպաստելով ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Նրա լիազորությունների մեջ է մտնում, օրինակ, ծախսերի նախահաշվի կազմումը, ուսումնական հաստատությունում լիազոր մարմնին ներկայացնելը, առաջարկություններով հանդես գալը։
Համակարգողին մրցութային կարգով նշանակելու է լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՄՍՆ ենթակայության դպրոցների դեպքում համակարգողին նշանակում է նախարարությունը, մարզպետարանի ենթակայության ներքո գործող դպրոցներում՝ մարզպետարանը, իսկ մայրաքաղաքի դպրոցներում՝ Երևանի քաղաքապետարանը։ Փաստորեն լիազոր մարմինը չափազանց կարևոր օղակ է ունենում հանրակրթական դպրոցներում խնդիրներն համատեղ ջանքերով լուծելու տեսանկյունից։
«Տվյալ օրենսդրական փոփոխությամբ և դպրոցներում կառավարման նոր մոդելի գործարկմամբ՝ ունենում ենք կրկնակի դրական էֆեկտ, որովհետև գործառույթների տարանջատումը տնօրենին ու համակարգողին չի հեռացնում իրարից, այլ աշխատանքները համատեղելու ու ներդաշնակելու հիմք է տալիս»,- եզրափակեց Հարությունյանը։