Ռոբերտ Ղուկասյանը Նիլս Սքոթին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Սյունիքում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։
Մարզպետարանից հայտնում են, որ պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։
Նիլ Սքոթը հետաքրքրվել է Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։ Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրել է մարզի խնդիրներն ու առավել մանրամասնորեն` սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան ժամանակաշրջանում։
Նա նշել է, որ գյուղերում առաջնային հարցը (իհարկե, անվտանգությունից հետո) գյուղատնտեսության զարգացումն է` նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում` զուգահեռ նշելով նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից կառավարության ծրագրերին զուգահեռ իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը, որպեսզի այդ ամենն ունենա ընդհանուր տեսանելի արդյունք և առավել արդյունավետ լինի։
Քննարկվել են համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր ևս։