Ստամբուլում կհանդիպեն Էրդողանն ու Զելենսկին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է, որ հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետ հանդիպում է սպասվում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Զելենսկին հուլիսի 7-ին կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Էրդողանի հետ:
Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։
«Վաղը սպասվում է պարոն նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո կարող է տեղի ունենալ մամուլի ասուլիս»,-այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին գրել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին: Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների սպասվող հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և «հացահատիկի գործարքը», որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին: