Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված բեռնատարներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 10։36-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZiL» (վարորդ՝ Ա․ Գ․) և «GAZel» (վարորդ՝ Հ․ Հ․ ծնված 1990 թ․) մակնիշների բեռնատարները․ «GAZel» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է խցիկում։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Հ․ Հ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն , որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։