Թուրք պատգավորն իր դժգոհությունն է հայտնել` եկեղեցիների վերանորոգման հետ կապված
Թուրքիայի խորհրդարանում քվեարկման է դրվել Ադրբեջանի հետ օդերևութաբանության ոլորտում համագործակցության հուշագիրը վավերացնելու նպատակահարմարության մասին օրինագիծը, բայց քվորումի բացակայության պատճառով արդյունք չի արձանագրվել:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Օրինագծի մասին ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավոր Սինան Օգանը, շեղվելով թեմայից, խոսել է Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու և մզկիթների մասին: Ինչպես հայտնում է «Հաբերլեր» լրատվական կայքը, պատգամավորը, իր խոսքն ուղղելով իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորներին, ասել է. «Աղթամարի եկեղեցու վրա ո°վ զանգ կախեց: Հայկական եկեղեցու վրա զանգ են կախում, հույների համար եկեղեցի են բացում: Բա ինչ: Ձեր գործը սրան-նրան նվերներ անելով թուրքական հիմնադրամի միջոցները քամուն տալն է»:
Երբ «ԱԶԿ»-ական պատգամավորներից մեկը փորձել է տեղից ռեպլիկով հակադարձել Օգանին, վերջինս ավելի ազդու է հնչեցրել իր բողոքը' ասելով. «Մզկիթ վերանորոգելը ձեր գործը չի, դուք միայն եկեղեցի եք վերանորոգում»: