Թուրքիայում ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են համատեղ խորհրդարանական խմբակցություն ձևավորել
Թուրքիայում գործող «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում համատեղ խմբակցություն ձևավորել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
2023թ. մայիսի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունները խորհրդարանում ունեն 10-ական պատգամավոր:
Նոր ձևավորվող խմբակցությունը AKP (Արդարություն և զարգացում կուսակցություն), CHP (Ժողովրդահանրապետական կուսակցություն), MHP (Ազգայնական շարժում կուսակցություն), IYI («Լավ» կուսակցություն) և HDP (Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) խմբակցություններից հետո Թուրքիայի խորհրդարանում կլինի 6-րդը:
Խմբակցության 20 պատգամավորները կլինեն հանձնաժողովների անդամներ և տեղեր կունենան նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդում (RTÜK)։